#մշակութաPAN
February 28, 2023

Կոկորդ կրծելով․ Դժոխքի կռիվները, Աստծո հետ մենամարտը և սովորական քաղաքացիական պատերազմը՝ Բուգրոյից Գոյա ու Դելակրուա  

Փարիզյան եկեղեցու պատերից մինչև Գոյայի տան պատեր՝ կռվի, մարտի, մենամարտի թեման կյանքի պես շարժուն ու ընդգրկուն է։ Աստծուց մինչև դժոխքի բաժին դարձածներ, պոետներ, գյուղացիներ ու բիբլիական հերոսներ՝ նրանք բոլորը մի կռիվ ունեն՝ այսօր արդեն համաշխարհային մեծության թանգարանների պատերից կախված, հուզիչ ու արտահայտիչ իրենց ենթատեքստով։

Ովքեր են իրար կոկորդ կրծում Դանթեի և Վերգիլիոսի աչքի առաջ, ով ու ինչու է Աստծո հետ կռվում, և ինչու են իրար հետ կռիվ տալիս Գոյայի կտավի երկու գյուղացին․ PAN-ն այս անգամ կտավներում կռվի թեմայի մասին է պատմում՝ ցավոտ, արյունոտ, ցասկոտ հերոսներով:

ԴԱՆԹԵԻ ԴԺՈԽՔՈՒՄ՝ ԻՐԱՐ ԿՈԿՈՐԴ ԿՐԾԵԼՈՎ

Փարիզի Օրսե թանգարանում է գտնվում իրար կոկորդ կրծելու մասին արվեստի գործերից մեկը, հավանաբար, ամենահայտնին՝ «Դանթեն և Վերգիլիոսը դժոխքում» կտավը։ Նկարի հեղինակը ֆրանսիացի Ուիլյամ Բուգրոն է (1825-1905թթ)։

Բուգրո, «Դանթեն և Վերգիլիոսը դժոխքում», 1850 թ․

Նկարիչն այս գործը ստեղծել է Իտալիայում գտնվելիս, ոգեշնչվել, իհարկե, Դանթեի «Աստվածային կատակերգությունով»։

Կտավում առաջին պլանում երկու անիծված հոգի են մենամարտում, հետին՝ Դանթեն (13-րդ դարի իտալացի բանաստեղծ) ու Վերգիլիոսը (Հին Հռոմի ականավոր բանաստեղծ, «Էնեականի» հեղինակը) դիտում են այդ մենամարտը։

Դանթեն ու Վերգիլիոսը, իհարկե, իրական կյանքում երբեք իրար չեն հանդիպել․ նրանց ավելի քան 13 դար է բաժանում։ Արվեստի այս գործն այլաբանություն է՝ վերցված և ոգեշնչված Դանթեի «Աստվածային կատակերգությունից»։

Օրսեի թանգարանում այս կտավը մեկնաբանում են որպես Prix de Rome կրկնակի չնվաճած նկարչի ցասման պոռթկում, նկարչի՝ իր մասին հիշեցնելու մեծ ցանկություն։

Բուգրոն առաջ է բերել ռոմանտիկների սիրելի շրջանն ու Դանթեի դժոխքը՝ «Աստվածային կատակերգության» 8-րդ շրջանից։ Դանթեն ու Վերգիլիոսը դիտում են հերետիկոս, ալքիմիկոս Կապաչչիոյի և ուրիշի ինքնությունը գողացած Ջիաննի Սչիչի մենամարտը։

Քննադատները պերճախոս են եղել այս կտավի հանդեպ՝ դառնություն և ուժ տեսնելով այստեղ։

Առանձնակի գովեստ կա նաև Բուգրոյի վարպետության մասին․ դիվային կերպարներից մինչև ատլետիկ մարմնակազմությամբ հերոսներ՝ նկարիչը կերտել է մանրամասնութամբ ու պատկերավոր չափազանցությամբ։

ԿՌՎԵԼՈՎ ԱՍՏԾՈ ՀԵՏ․ ՌԵՄԲՐԱՆՏԻ, ԳՈԳԵՆԻ, ԴԵԼԱԿՐՈՒԱՅԻ ՈՒ ՄՅՈՒՍՆԵՐԻ ՀԱԿՈԲԸ

Մի հրեշտակի հետ կռվող տղամարդու կտավի բազմաթիվ տարբերակներ կան, թեմայի հիմքը, սակայն, մեկն է՝ աստվածաշնչյան։

«Եվ Հակոբը մենակ մնաց: Եվ Մեկը գոտեմարտեց նրա հետ մինչև արշալույս»։

«Երբ մարդը տեսավ, որ չի կարողանում հաղթել նրան, կռվի ընթացքում բռնեց Հակոբի ազդրի ջլերը և անզգայացրեց դրանք: Մարդն ասաց նրան. «Թո՛ւյլ տուր գնամ, որովհետև արդեն լուսացավ»: Հակոբը պատասխանեց. «Թույլ չեմ տա, որ գնաս, մինչև ինձ չօրհնես»: Մարդն ասաց. «Ի՞նչ է քո անունը»: Նա պատասխանեց՝ Հակոբ: Մարդն ասաց նրան. «Այսուհետև քեզ Հակոբ թող չկոչեն, այլ Իսրայել թող լինի քո անունը, քանի որ դիմացար Աստծու հետ մաքառելիս, ուստի թող մարդկանց նկատմամբ էլ ուժեղ լինես»: Հակոբը հարց տվեց. «Ասա՛ ինձ քո անունը»: Նա ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը»: Եվ նա տեղնուտեղը օրհնեց նրան»: «Ծննդոց գրքից» Հակոբի մենամարտի այս դրվագի քրիստոնեական տարբեր մեկնաբանություններ ունի, որոնցում շրջանառվում է նաև Աստծո, Աստծո հրեշտակի հետ մարտերի թեման։

Հրեշտակի հետ դրվագն արվեստում երևացել է վաղուց։

Գուստավ Դորե, «Հակոբը մենամարտում է Հրեշտակի հետ», 1855 թ․
Ալեքսանդր Լուի-Լելուար, «Հակոբը մենամարտում է Հրեշտակի հետ», 1865 թ․
Ռեմբրանտ, «Հակոբը մենամարտում է Հրեշտակի հետ», 1659 թ․
Գուստավ Մորո, «Հակոբը մենամարտում է Հրեշտակի հետ», 1878 թ․
Պոլ Գոգեն, «Հակոբը մենամարտում է Հրեշտակի հետ», 1888 թ․
Էժեն Դելակրուա, «Հակոբը մենամարտում է Հրեշտակի հետ», 1861 թ․

Այս վերջին՝ Դելակրուայի տարբերակն իրականում որմնանկար է Փարիզի Saint-Sulpice եկեղեցում։ Սա համարվում է Դելակրուայի ամենաազդեցիկ որմնանկարներից մեկը։

Դելակրուայի որմնանկարի կենտրոնական դետալը

Պատկերում Էժեն Դելակրուան, որին եվրոպական կերպարվեստում ռոմանտիզմի հիմնադիր են համարում, ներկայացրել է մենամարտող երկու կողմին ծառերի, շքեղ սաղարթների ֆոնին։

Նկարիչն այս որմնանկարը ստեղծելու հանձնարարությունը ստացել է 1848-ին, նշվում է, որ նա արագորեն գծագրել է այն, աշխատել կոմպոզիցիայի վրա, սակայն ավարտին հասցրել միայն 1861-ին՝ բազմաթիվ մրցակցային նախագծերի ու վատառողջության պատճառով։

Դելակրուան փորձել է պատկերել ջլատված Հակոբի մենամարտի վերջին պահը, երբ արդեն լուսանում էր, հեղինակն ավելի ուշ մեկնաբանել է այն.

«Այս պայքարը Սուրբ գրքում դիտվում է որպես փորձությունների խորհրդանիշ, որոնք Աստված երբեմն ուղարկում է իր ընտրյալներին»։

Մեծ ու սաղարթոտ ծառերի ֆոնին տեղի ունեցող այս մենամարտում ընդգծված են հրեշտակի թեթևությունն ու դրան հակադրված՝ Հակոբի մկանոտ պայքարը։ Հակոբի այս մկանների մեջ առաջարկվում է տեսնել հղում Միքելանջելոյի արվեստին ու նախաբան՝ իմպրեսիոնիզմի գալուն։

Ասում են՝ կաղնիները խորհրդանշում են հենց հրեշտակի՝ նետելով այս տեսարանի վրա իրենց դարավոր ստվերի առեղծվածը։

Այս գործն իրավամբ համարվում է նկարչի ամենաշքեղ բնապատկերներից մեկը նաև։

ՍԱՄՍՈՆԻ ՄԵՐԿ ԹԻԿՈՒՆՔՆ ՈՒ ԼԵԳԵՆԴԱՐ ԿՌԻՎԸ

Մենք տեսել ենք, թե որքան տարբեր են Հողոփեռնեսին գլխատող հուդիթները, սիրող կանայք ու տղամարդիկ, և անգամ բնությունը կտավներում, բայց մեկն անասելի գրավիչ նույնքան չքնաղ է ամենուր՝ Սամսոնը։

Որտեղ էլ նա ծնկի իր սիրելի Դալիլայի ոտքերի առաջ և որ կտավում էլ կռվի նույն այդ Դալիլայի ձեռքով փղշտացիների ձեռքը հանձնված իր կյանքի համար, դիտողի մեջ մի տեսակ համակրանք ու կարեկցանք կա այս պարզապես շատ սիրող տղամարդու հանդեպ։

Ֆրանչեսկո Գվերչինոյի (1591-1666 թթ.) Սամսոնն այստեղ պատկերված է ուժից զրկվելուց հետո։

Սամսոնը գերեվարվում է փղշտացիների կողմից (Samson Seized by the Philistines), 1619 թ.
Սամսոնն Աստվածաշնչում (Հին կտակարան, Դատավորների գիրք) հիշատակվում է որպես հսկայական ուժով օժտված ու գերմարդկային սխրանքներ գործող հերոս։ Առասպելն ասում է՝ ի վերուստ էր կանխորոշված, որ Սամսոնն օժտվելու է գերբնական ուժով և իսրայելցիներին փրկելու է փղշտացիների 40-ամյա լծից։ Սամսոնի ուժի գաղտնիքն ու թուլությունը գտնում է սիրուհի Դալիլան․ կինն իր ծառաների հետ կտրում է քնած Սամսոնի մազերն ու զրկում նրան ուժից։ Ըստ պատմության՝ Սամսոնը հետո գերեվարվում է ու շղթայակապ բանտ նետվում։ Աստված գթասրտորեն Սամսոնի ուժը վերականգնում է, իսկ տոնախմբություններից մեկի ժամանակ, երբ նրան բերում են Դագոն աստծո տաճարը, իբրև մասնակիցներին զվարճացնելու, նա կործանում է տաճարը՝ թշնամիների հետ մնալով փլատակների տակ ու զոհվելով։ Իսկ Դալիլա՞ն։ Նրա անունը պատմության մեջ հետագայում ասոցացվել է դավաճանության ու հեշտասիրության հետ։

Գվերչինոյի այս կտավում կենտրոնական հերոսն արդեն պայքարում է իր կյանքի համար. նա առասպելական ուժից արդեն զրկված է, կտավում երևում է Սամսոնին կուրացնելու համար բերված գործիքն ու նրան ուժից զրկած մկրատը։

Նկարի կերպարները կրում են 16 դարի վերջի, 17-րդ դարասկզբի նորաձևությանը բնորոշ հագուկապ։

Այս կտավը ստեղծվել է Կարդինալ Ջակոմո Սերրայի պատվերով, նա նշանավոր կոլեկցիոներ էր Հռոմում ու զբաղվում էր նաև Ռուբենսի արվեստի առաջխաղացմամբ։

Կտավում երևում է Սամսոնի դեմ պայքարող 7 դեմք, իրենը՝ հերոսինը՝ ոչ։ Կենտրոնականն այստեղ Սամսոնի՝ հմտորեն ու մանրամասնորեն կերտված մեջքն է, որի մեջ, կարծես, ամբողջացած են տղամարդու պայքարի բոլոր դետալներն ու աշխատող բոլոր մկանները։

Գվերչինոյի գործի դիտանկյունից քննարկելով «նուդը արվեստում» թեման՝ առաջարկվում է այս կտավի մերկ թիկունքը դիտել որպես դրամատուրգիայի մաս։

«Ուրիշ նուդերն օգնում են ընդգծել նարատվային ստեղծագործությունների դրամատուրգիան, ինչպես, օրինակ, Գվերչինոյի պայքարող Սամսոնը, որտեղ հերոսին զինված հակառակորդի մեջ միայնակ, մկանոտ, բայց ուժասպառ ներկայացնելն ընդգծում է նրա ներկայիս թուլությունն ու նախկին ուժը»,-գրում է The Met-ի հեղինակներից Ջին Սորաբելան (Jean Sorabella):

ԿՌԻՎՆԵՐ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿՈՆՏԵՔՍՏՈՎ․ ԳՈՅԱ

Անշուշտ, պատմության մեջ եղած կռիվներն արտացոլվել են նաև կերպարվեստում՝ պատերազմներից մինչև քաղաքացիական կռիվներ ու ավանդազրույցներում պահպանված դեպքեր և իրադարձություններ։

Իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Խոսե դե Գոյա ի Լուսիենտեսը, օրինակ, որպես ժամանակի դեպքերը ֆիքսող նկարիչ բաց չի թողել իր ապրած շրջանի ու երկրի համար կարևոր իրադարձությունները, և արձանագրել է դրանք վրձնով։ Այդպիսի երկու կտավի մասին արդեն պատմել ենք՝ 1808 թվականի մայիսի 2-ի և մայիսի 3-ի կոնտեքստում ու հայրենիքի թեմայով։

1819-1823 թվականների ընթացքում Գոյայի ստեղծագործական կյանքը նշանավորվեց Black Paintings (իսպ․՝ Pinturas negras) կոչված 14 կտավի շարքով․ դրանցից մեկը մենամարտն է այս երկու տղամարդու միջև։

Գոյա, «Մահակներով կռիվ» (անգ՝ Fight with Cudgels), 1820–1823 թթ.

Սև նկարների այս շարքը Գոյան օր ծերության ու մենության մեջ անցկացնելով է նկարել․ շարքի բոլոր գործերը «զարդարել են» նկարչի՝ «Խուլի տունը» կյանքի վերջին տարիներին։ Այդ ժամանակ նկարիչն արդեն գրեթե չէր լսում (ինչ-որ հեգնանքով տանը նախկինում ապրած մարդն էլ է խուլ եղել․ տունը հենց նրա անունով են այդպես կոչել), առանձնացել էր Մադրիդից հեռու գտնվող մի տանն ու պատերից ներս որմնանկարներ էր անում։

Գոյայի այս շրջանի գործերին «սև» անունն էլ տրվել է ոչ միայն դրանցում օգտագործված մուգ պիգմենտների, այլև պատերազմներ վերապրած, քաղաքացիական կռիվներ տեսած ու սարսափ ապրած մարդու գործերի ու կյանքի ուսումնասիրության հիման վրա։

Բացառապես և բացառիկ մռայլ այս շրջանի կտավներին նկարիչն անուն չի դրել (համենայն դեպս, չի բարձրաձայնել կամ գրել դրանք)․ որմնանկարները, ասում են, նախատեսված չեն եղել «դրսի» համար, հետագայում, սակայն, տան պատերը թանգարանի նմուշ են դարձել, իսկ արվեստաբանները՝ անուն տվել Գոյայի «սև գործերին»։

Wikipedia -ում նկարչի տան պատերի վիզուալիզացիան ու սև նկարների տեղադրությունն է

Գյուղացի երկու կռվող տղամադրու պատկերող այս գործում, ասում են՝ կրկին հղում կա Իսպանիայի քաղաքացիական պատերազմին։

Կռվի մեջ ընկած երկու տղամարդու ոտքերն էլ կտավում չեն երևում. կարծիք կար, թե սկզբնապես դրանք կիսով չափ թաղված են ցեխի կամ տիղմի մեջ։ Տղամարդկանց ոտքերն իրականում Գոյան այդպես չի նկարել, դրանց վրա ռեստավրացիայից հետո աշխատել է մեկ այլ նկարիչ՝ Մարտինես Կուբելսը։

2010-ին, սակայն, նկարիչ և արվեստի պատմության ուսուցիչ Կարլոս Ֆորադադան ցույց տվեց, որ Գոյան տղամարդկանց նկարել է մինչև ծնկները խոտերի մեջ, այլ ոչ ցեխի։ Այս բացահայտումը հեշտացրեց տղամարդկանց թաղված ոտքերի մեկնաբանությունը։

Նկարի մեկնաբանություններում նշվում է, թե գյուղական միջավայրում այս կռվի մեջ ձախի տղամարդն ավելի ուժեղ է, չնայած հենց նրա դեմքից էլ արյուն է հոսում ու թափվում սպիտակ շապիկին։ Հակառակորդն իր դեմքը ձեռքով է պահում, երկուսն էլ իրենց ժամանակի հագուստ են կրում․ այս պատկերն ակնարկ է համարվում քաղաքացիական պատերազմին։

Երկու գյուղացու կռվի մեջ, բացի պատմական անցքերից, մի ուշագրավ կետ էլ կա․ ինչով են նրանք կռվում։ Փայտե այս մահակները 18-րդ դարում «սպորտային» կոնտեքստ են ունեցել։ Մեկ փայտե մահակով կռիվ-կռիվը Թյուդորների ժամանակներից է մոդա ու սպարտ եղել։ Այս մրցույթի նպատակն էր կոտրել հակառակորդի գլուխն այնպես, որ արյուն գա։ Արյուն տեսնող ամբոխն էլ, ասում են՝ այդ պահին գոռում էր. «գլուխ»։ Այս խիստ «սպորտային և ժամանցային» իրադարձությունը նաև վավերացվել է․ 1700-ականների բրիտանական թերթերը պարբերաբար մի քանի շիլինգով իրար գլուխ ջարդողների մասին նորություններ են հայտնել։

Այնուամենայնիվ, վերադառնալով Գոյայի գործին․ կարծիք կա նաև, թե սա կարող է փոքրիկ այլաբանություն էլ պարունակել իր մեջ՝ հղումով հունական դիցաբանությանն ու Կադմոսի առասպելին։ Իր Empresas Políticas գործում, այս առասպելն օգտագործելով, իսպանացի դիվանագետ, ժամանակի ինտելեկտուալ Դիեգո Սաավեդրա Ֆախարդոն (Diego Saavedra Fajardo 1584 – 1648 թթ.) ներկայացրել էր «արքայազն պատրաստելու» մասին ակնարկներ՝ հենց այս առասպելի ու Թեբե քաղաքը հիմնած Կադմոսի պատմության հիմքով։ Հեղինակը, հղում անելով առասպելին, փորձել է բացատրել, թե ինչպես են որոշ կառավարիչներ հրահրում հակամարտություն՝ վերջնական խաղաղության հասնելու ակնկալիքով։ Ակնարկ կա, թե սա կարող է նաև այլաբանորեն վերաբերել Ֆերդինանդ VII իշխանության տարիներին։

Եվ, ամեն դեպքում, հարկ է այս ակնարկների ֆոնին հիշել ևս մեկ անգամ՝ Գոյան իր կտավին անուն չի դրել, դրա մասին ոչինչ չի ասել։ Երկու կռվող տղամարդիկ այսօր իրար գլխից արյուն թափել են փորձում Մադրիդի Պրադո թանգարանում։


✍ Անահիտ Հակոբյան / PAN