Աստվածացվող բժիշկներն ու կույր երաժիշտները․ Կտավների «մասնագետները»
Կտավներում հաճախ երևացող դեմքերին «պաշտոն ու հաստիք» են տալիս. նրանք կարող են աստծուց մինչև բանվոր լինել, ինչ-որ գործ անել ու, ընդհանրապես, չգործել, և հենց դրանով լինել ու մնալ ճանաչելի։ Դավիթն «աշխատում» էր թագավոր, հրեշտակները՝ աստվածների մոտ, սովորական մարդիկ՝ անգամ վհուկ։
Այս ցանկում բայց, իրական մասնագիտությունների մասին ոչ մի խոսք չկա, իսկ ինչ են արել կտավներում նրանք, ովքեր հմտացել են մի գործում, դարձրել այն իրենց մասնագիտությունն ու այդ մասնագիտությունը ճանաչում ենք մինչև օրս։
Պատմելով մասնագիտությունների մասին՝ ամերիկացի մի նկարիչ զարմացրեց Վերածնունդ տեսած աշխարհին՝ պատկերելով իր ժամանակի առաջադեմ վիրաբույժներին ու վիրահատությունները՝ թատերական տարրերով, գիտական հիմքով ու բժշկական մանրամասներով։
2 բժիշկ Թոմաս Իկինսից, և այս ամենի կողքին հնչող կտավ՝ Կարավաջոյից, ու ռենտգենի տակ հայտնված մի գործ՝ Պիկասոյից՝ երաժիշտների մասին։ PAN-ը կտավներում հայտնված երկու տարբեր մասնագիտության է անդրադառնում:
ԲԺԻՇԿՆԵՐ․ ԱՐՅՈՒՆՈՏ ՁԵՌՔՈՎ ԿՅԱՆՔ ՓՐԿԵԼԻՍ
Ինչի՞ց ենք մենք կազմված, ինչո՞ւ կամ ինչպե՞ս ենք ապրում ու մեռնում, և ի՞նչ կլիներ, եթե ամեն ինչ այսպես չլիներ․ այս էքզիստենցիալ հարցերին, իհարկե, արվեստն իր «տեսանկյունից» է անդրադառնում, բայց կա մի մասնագիտություն, որտեղ սրանք ոչ թե էմոցիոնալ հարցադրումներ են ենթադրում, այլ փաստարկվող ուսումնասիրություններ, գիտական հենքով հետազոտություններ։ Բժշկությունը դարերով ու հարյուրամյակներով մարդուն մոտիկից ուսումնասիրել ու «բացատրել է», բժշկությանն էլ կողքից նայել են արտիստները։
Վերածննդի դարաշրջանում արվեստն ու բժշկությունը մոտեցան իրար մարդու անատոմիայի հանդեպ երկուստեք հետաքրքրության պատճառով։
Բժշկության ու կերպարվեստի կապի մասին մտածելիս, ամենայն հավանականությամբ, առաջին կտավը, որ աչքի առաջ է գալիս, Ռեմբրանդի «Բժիշկ Տուլպի անատոմիայի դասը» գործն է։
Նկարի կենտրոնում մյուսներին դաս տվող ու մեկին հերձողն իրականում Նիդերլանդներում ապրած, անգամ Ամստերդամի քաղաքապետի պաշտոնը ստանձնած բժիշկն է՝ Նիկոլա Տուլպը։ Բժիշկ Տուլպի անատոմիայի դասում մահվան դատապարտված Արիս Կինդն է, որին կախաղան էին բարձրացրել ու մարմինը հանձնել ամստերդամյան վիրաբույժներին։ Այս ու ևս մի քանի գործի մասին պատմել ենք արվեստ-գիտություն թեմայով մեր անդրադարձում։
Բայց թեմային ու բժշկի մասնագիտությանն առաջարկում ենք մոտենալ այլ գործերի միջոցով էլ։
Բժիշկներին կտավներում բացահայտելու համար նայելու ենք Թոմաս Իկինսի «Գրոսսի կլինիկային»։ Ռեմբրանդի «Բժիշկ Տուլպի անատոմիայի դասի» հետ համեմատվող այս գործում 19-րդ դարի բժշկության, բուժման ու վիրահատական «ընթացակարգի» և պրոցեսի կենտրոնում կանգնած բժիշկ Սամուել Գրոսսիի կերպարն է։
Բայց նախ կարճ՝ հեղինակի մասին։ Իկինսը ծնվել է 1844-ին, մահացել՝ 1916-ին, ու համարվում է իր ժամանակի ամենակարևոր արտիստներից մեկն Ամերիկայում։
Իկինսը ծնվել ու մեծացել է Ֆիլադելֆիայում, ու կապը ծննդավայրի հետ ամուր պահել մինչև կյանքի և ստեղծագործական կյանքի վերջը։
Իկինսի ստեղծած դիմանկարները 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի Ֆիլադելֆիայի հասարակական, գիտական կյանքի ակտիվ դեմքերի, քաղաքի բնակչության պատկերներն էին, ու մի ամբողջական պատկեր՝ այդ տարիները հասկանալու, վերլուծելու համար։ Նա մարդկային մարմնին ոչ միայն բժիշկների միջոցով ու բուժման տեսանկյունից անդրադարձավ․ Իկինսը նաև լուսանկարչության ծաղկող շրջանի վկան էր ու այսօրվա տվյալով՝ իր ժամանակի նորարներից։ Չնայած կենդանության օրոք մեծ փառքին, ասում են՝ չի արժանացել ու հակասական ընկալվող, երբեմն էլ չընկալվող կերպար է եղել, բայց իրենից հետո Իկինսի մասին խոսում են որպես ժամանակի «ամենաուժեղ ու խորը ռեալիստի»։
Թեև հեղինակը ստեղծագործական բազմազան ու հարուստ ժառանգություն է թողել, լուսանկարներից մինչև դիմնակնարներ, բայց նրա ամենահայտնի ու ճանաչելի գործերից մեկը հենց սա է՝ «Գրոսսի կլինիկան»: Ինչով է այս գործն այդքան ազդեցիկ ու կարևոր։
Այս կտավը ստեղծվել է ցույց տալու համար Ֆիլադելֆիա քաղաքի հզորությունն ու ներդրումը վիրաբուժության զարգացման գործում, մեծ վիրաբույժի վարպետությունը, այդ վարպետության տեխնիկական ու գիտական կողմն ու, իհարկե, ԱՄՆ-ում անցկացվելիք Centennial International Exhibition ցուցադրությանը Ֆիլադելֆիան արժանիորեն ներկայացնելու նպատակով։
Վերջին առիթով աշխատանքը մերժվեց (հավանաբար, շատ արյունոտ լինելու պատճառով), բայց, ընդհանուր առմամբ, Իկինսի մոտեցումն ու միտքը հաջողեցին։
Artsy-ում այս ստեղծագործության մասին խոսելիս նշում են՝ «այն, թերևս, դարձել է ամերիկյան արվեստի պատմության ամենակարևոր նկարը»։
«Գրոսսի կլինիկան», որն այսօր էլ գտնվում է Ֆիլադելֆիայում, կոմպոզիցիայի, լույսի ու ստվերի տրիումֆ է», գրում է հոդվածագիրն ու հիշեցնում՝ 19-րդ դարում, համաշխարհային արվեստի՝ Վերածնունդ տեսած աշխարհում Ամերիկան դեռ գտնում էր իր տեղն ու դիրքը։
Այս կտավը ստեղծելիս հեղինակն արդեն կայացած նկարիչ էր՝ Փարիզում սովորած, Իսպանիայում Վելասկեսի ու Ռիբերայի գործերով հիացած։
Այն ժամանակներում, երբ վիրահատությունները մեծամասամբ տներում էին կատարվում (հիվանդանոցներում վարակներ ու վիրուսներ էին), և բժշկությունը նոր-նոր էր փորձում իր նորարարությունների փուլ ներխուժել, Ֆիլադելֆիայում ապրող բժիշկ Գրոսսին արդեն երկու խոշոր նորություն է ցույց տալի այս կտավում՝ անեսթեզիան ու ոսկրի վիրահատության նոր տեխնիկան։ Ասում են՝ վիրահատական սեղանին պառկած տղայի ոտքն այդ օրերից մի որոշ ժամանակ առաջ ամպուտացնելու էին, բայց Գրոսսի կլինիկայում ոսկրի վիրահատության այս նոր տեխնիկան են կիրառում։
Իր գլխավոր հերոսի՝ բժշկի կերպարը նկարելու համար Իկինսը երկար է «զննել» նրան, մասնակցել բժշկի վիրահատություն-դասախոսություններին ու, հավանաբար նաև, լուսանկարներով ուսումնասիրել բժշկին։ Իկինսի կենսագիրներից մեկն ավելի հեռուն է գնում ու արձանագրում՝ «Վերածննդից հետո ոչ ոք այսպիսի մարտահրավեր չի հաղթահարել» ու չի ստեղծել այսպիսի «ինտելեկտուալ և մետաֆիզիկական տեսարան»։
1875-ին, երբ ստեղծվում էր այս նկարը, բժշկության մեջ դեռ կիրառելի չէին վիրահատական ձեռնոցները, դիմակներն ու, առհասարակ, ստերիլ գործիքակազմի ժամանակակից ընկալումը։ Ուշադիր դիտողը կտեսնի բժշկի թավշե կոստյումն ու դրա տակից երևացող վերնաշապիկը, ձեռքի արյունն ու վիրահատության պրոցեսին ներկա անձանց հագուկապը։
Այս կտավից 14 տարի անց Իկինսի ստեղծած մեկ այլ գործում արդեն բժշկի տեսքն ու պատկերը բոլորովին այլ են․ բժիշկ Էգնյուն ու իր թիմակիցները սպիտակ խալաթներով են, գործիքները ստերիլիզացրել են և արդեն արհեստական լույսի տակ են վիրահատում։
Բայց վերադառնանք բժիշկ Գրոսսին․ չնայած այս դասախոսություն-վիրահատությունը չի բնորոշում ժամանակակից վիրահատության մասին մեր պատկերացումները, բայց դրա տարրերը, այնուամենայնիվ, պատկերում է. օրինակ՝ կենտրոնում սպիտակ սրբիչով նստած անեսթեզոլոգին։ Պատկերում առհասարակ մեծ տեղ ու շատ լույս է տրվում հենց բժկին․ նա այս կտավի աստվածն է՝ հեղինակությունը։ Նրա կողքին ու նրան հակադրվող լույսի տակ պացիենտի մայրն է, ով վիրահատության գործընթացից գաղափար չունի, դեմքը փակել է ձեռքերով, բայց ներկա է ամբողջ պրոցեսին։ Նրա անօգնականության ու բժշկի հանդարտ ներկայության տեսարաններն իրար են հակադրվում։
Հետաքրքիր է, որ Իկինսն այս գործում («Էգնյուի կլինիկայում» էլ) նաև իրեն է պատկերել․ կտավի աջ անկյունում գրառում (նկարո՞ղը) անողն է ինքը։ Իկինսն իրականում այնքան էլ հեռու չի եղել բժշկությունից․ բժշկական քոլեջում անատոմիա է ուսումնասիրել և մարդու մարմնի լայն ուսումնասիրություններ արել։ Եթե հաշվի առնենք նաև դիմանկարներ անելու վարպետությունը, ապա նա իրապես համադրել է արվեստն ու գիտությունը և մեզ թողել իր ժամանակի գիտական մտքի մասին ընդգրկուն պատկերացում։
Իկինսի՝ վիրահատություն պատկերող երկու գործում էլ հերոսականության, հերոսության թեման է․ համենայն դեպս, արվեստի ժամանակակից մեկնաբանություններն են այդ մասին ասում՝ հիշեցնելով՝ հին աստվածներին նկարելու ու հերոսներ ստեղծելու ժամանակներն ավարտվել էին, նոր, իրական ու մոդեռն հերոսների պատկերների կարիք կար։
Նույն՝ վերք զննող այս տեսարաններում, ի վերջո, դիմանկարների վարպետության, բժշկության փառաբանության ու գիտության զարգացումը վավերացնելու ակտերի համատեղումն է՝ ռեալիստորեն, փաստագրված։
Իհարկե, բժշկությունն ու բժիշկները կտավներում բազմիցս են հայտնվել․ Իկինսի գործին զուգահեռ առաջարկում ենք նայել նաև այս ուղղություններով։
ԵՐԱԺԻՇՏՆԵՐ՝ ԿԱՐԱՎԱՋՈՅԻՑ ՈՒ ՊԻԿԱՍՈՅԻՑ
Երաժշտությունն ու արվեստը պարբերաբար մեկտեղվել են կտավներում՝ քնարով տիկնանցից մինչև նվագող պատանիներ։ Տաղանդի, զգացականության, մեղեդայնության նոտաներով՝ երաժշտության թեման պրոյեկտվել է կյանքի ուրախությունների ու սոցիալական խնդիրների վրա։
Իտալացի արտիստ Կարավաջոյի գործերում նվագողների կամ երաժշտական գործիքներ կարելի է տեսնել (հիշենք հայտնի «Վինահարը»). այս մեկով, ասում են՝ արտիստը նաև իր համբավն է հաստատել։
«Երաժիշտները» արտիստի հովանավորներից մեկի՝ կարդինալ Դել Մոնտեի պատվերով է ստեղծվել ու փառաբանություն է կարդինալի ուրախ երեկույթների։ Նա կտավը պատվիրել է իր պալատի սենյակներից մեկը հենց երաժշտության թեմայով զարդարելու համար։ MET-ում, որտեղ պահվում է այս գործը, կարծում են, որ Կարավաջոյի «Երաժիշտները» մեկն ու էականն է այն աշխատանքներից, որոնցով նկարիչն իր անունը հաստատեց Հռոմում։
Սիրո (Ամուրն էլ է ներկա այս գործում) ու երաժշտության համատեղությունը ներկայացնող այս աշխատանքը երկար ժամանակ անհետացած է համարվել։ Միայն 1952-ին հայտարարվեց դրա գտնվելու մասին։ Դրանից մոտ 20 տարի առաջ այս կտավն Անգլիայում 100 ֆունտ սթերլինգով էր վաճառվել․ ոչ գնորդը, ոչ էլ վաճառողը տեղյակ չէին, որ այն Կարավաջոյինն է։
Բայց, երաժիշտ պատկերելը միշտ չէ, որ այսպես կենսախինդ, երիտասարդ, հյութեղ, զրնգուն տեսք է ունենում, և նվագը միշտ չէ, որ ուրախ է կամ խնջույքի է տանում։
Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի Կապույտ շրջանի, հավանաբար, ամենահայտնի գործը՝ «Ծեր կիթառահարը» վկա։
Նկարչի ընկերոջ՝ Կարլոս Կասագեմասի ինքնասպանությանը հաջորդած այս շրջանում Պիկասոն ակադեմիական նկարչությունից հեռանալու, իրենը գտնելու փորձով էր տարված։
1903 թվականին թվագրվող այս գործում, ասում են՝ Էլ Գրեկոյի ազդեցությունն է նկատվում։
Հյուծված մարմնով, կույր, ծեր տղամարդու կերպարը ֆիզիկապես ու խորհրդանշորեն միայնակ է իր գործիքի շուրջ, որը նվագելիս թվում է՝ մոռացության է մատնվում իր կուրությունն ու աղքատությունը։ Ի դեպ, նկարի ստեղծման նույն այս շրջանում Պիկասոն ոչ միայն հոգեբանական, այլ ֆինանսական ծանր դրության մեջ էր։
Կապույտի մեջ շագանակագույն կիթառին ձուլված տղամարդու այս կերպարը տարբերվում է «կապույտ շրջանին» բնորոշ մյուս գործերից հենց իր հանգստությամբ, հանդարտությամբ, որը պայմանավորվում է հենց կիթառի «ներկայությամբ»։
Հետաքրքիր է նաև տղամարդու կուրության մեկնաբանությունը․ այն կարող է սիմվոլիստական շարժումների ազդեցություն և կուրության՝ այլաշխարհիկ մեկնաբանություն լինել՝ ավելին տեսնելու ակնարկով։
Առաջին և ընդհանուր հայացքով տարեց ու հյուծված տղամարդու այս պատկերի տակ ռենտգեն ճառագայթներն ուրիշ բան էլ են տեսել՝ կնոջ դիմանկար։
Չի բացառվում, որ Պիկասոն սկսել է կտավն ու փոխել դրա հերոսին։ 2001-ին ուսումնասիրված այդ պատկերը, սակայն, շատ բան չի ասում մեզ՝ կին է, որի դեմքն ու ոտքերն են երևում միայն։
Ընդհանրապես, որոշ հետազոտողներ կարծում են, թե Պիկասոն կտավը ստեղծելիս ոգեշնչվել է անգլիացի նկարիչ Ջորջ Ֆրեդերիկ Ուոլասի «Հույս» կտավից։
Ու նոտաների շարքն ավարտելիս գանք երգին ու Էդգար Դեգային։ Նկարիչը հմտորեն ֆիքսել է երգչուհուն՝ բարձր տոնան արտաբերելիս ու հարստացրել տեսարանը նրա ժեստերով և մարմնի լեզվով։
Դեգայի այս գործը պատկերվել է այն ժամանակ, երբ արտիստը մեկ այլ նկարչի՝ Մերի Կեսսետի հետ պաստելներն էր ուսումնասիրում։