Թագուհու հրաժեշտը, Մեսսիի երազանքը և Մասկի թռչնակը. 2022-ի «ամենա»-ները՝ մեկ շնչով
Ամեն տարվա ավարտին ասում ենք՝ այս մեկն իսկապես աննախադեպ էր, ու երբ թվում է, թե մեզ զարմացնելն արդեն շատ բարդ կլինի, նոր տարին բերում է զարմանալու նոր պատճառներ: Ապագա պատմաբանները 2022-ը գուցե համարեն բեկումնային տարի, որն ամբողջովին փոխեց կարծրացած շատ պարադիգմներ, ազդարարեց նոր սկիզբ, կործանեց, ստեղծեց, մի խոսքով՝ չձանձրացրեց:
PAN-ն ամփոփել է գլխապտույտ տարվա «ամենա» իրադարձությունները: Տարվա սկանդալը, հայտնությունը, գործարքը, ճգնաժամն ու էլի շատ «ամենա»-ներ՝ մեկ անդրադարձում:
2021-Ի ԹՈՂԱԾ ՔՈՎԻԴԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
2020-ն ու 2021-ը հավերժ կհիշվեն որպես համաճարակային տարիներ: Ու թեև Covid-19-ի վերջը չէր երևում, լոքդաուններն էլ մի անվերջանալի վատ երազ էին հիշեցնում, 2022-ին մարդկությունը մեծ հաշվով հաղթեց կորոնավիրուսային վախերին ու շունչ քաշեց՝ առանց դիմակի: Բայց տարին սկսվել էր քովիդի նոր ենթատեսակով՝ օմիկրոնով:
Հունվարին ամբողջ աշխարհում սահմանափակումների նոր ալիք սկսվեց: Օմիկրոնը թեև իր նախկինների համեմատ պակաս մահաբեր ու վտանգավոր էր, բայց մի քանի անգամ ավելի արագ էր տարածվում: Դելտայի համեմատ Օմիկրոնի դեպքում հոսպիտալացման ռիսկը նվազել էր, բայց մարդկանց առողջապահական աստվածաշունչ դարձած ԱՀԿ-ն զգուշացնում էր, որ Օմիկրոնի «մեղմ» բնավորությանը խաբնվել պետք չէ: Այս ենթատեսակի դեպքում մահացության աճ գրանցվեց այն երկրներում, որտեղ պատվաստումների մակարդակը ցածր էր, խոցելի բնակչությունն էլ սանիտարահիգիենիկ բավարար պայմաններ չուներ:
Համաճարակներն ի վերջո ավարտվում են: Կորոնավիրուսի հայտնվելուց երեք տարի անց աշխարհը, կարծես, կարողանում է առաջ շարժվել՝ հրաժարվելով արգելափակումներից և ճամփորդական սահմանափակումներից: Ամեն դեպքում, Covid-19-ի պես անկանխատեսելի երևույթների հետ պետք է զգույշ լինել:
ԵՐԿԲԵՎԵՌ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Ռուս-ուկրաինական պատերազմը կարելի է ներկայացնել ու մեկնաբանել հազար ու մի կերպ՝ քաղաքականից մինչև տնտեսական ու հումանիտար: Ֆեյսբուքի քոմենթներում քաղաքական վերլուծություններ անելու գայթակղությանը չտրվենք ու պարզապես մի քանի փաստ արձանագրենք: Նախ, եկեք անկեղծ լինենք՝ աշխարհը քովիդի մասին մի տեսակ մոռացավ, երբ հայտնվեց մտահոգվելու ավելի մեծ առիթ: Բայց, իհարկե, դավադրության տեսությունների ջրաղացը ջուր չենք լցնելու և սա, գուցե, իրոք պատահականություն էր:
Փետրվարին սկսված ու դեռևս չավարտված պատերազմի շուրջ խնդրահարույց է ամեն ինչ՝ սկսած նրանից, թե դրան պատերազմ են անվանում, ռազմական օպերացիա, թե հարձակում: Հստակ է միայն մի բան՝ այս ամենի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամից ու աղետից դեռ երկար ժամանակ ուշքի գալ չի ստացվի: Մոտ 8 միլիոն ուկրաինացի փախստական է դարձել եվրոպական տարբեր երկրներում: Նրանց մի մասն ընդհանրապես կորցրել է տունն ու վերադարձի հույսը:
Իհարկե, կորուստներն անհամեմատելի են, բայց ոչ միայն ուկրաինացիների համար. միլիոնավոր այլ մարդկանց կյանքեր ևս խեղվեցին: Եվրոպայում տնտեսական ճգնաժամն ու թանկացումները կաթվածահար են արել մարդկանց սոցիալական վիճակը: Ռուսաստանից մարդիկ հարյուր հազարներով հեռանում կամ փախնում են: Ինչ խոսք, Երևանով քայլելիս դա շատ հստակ նկատում ենք: Արտահանման արգելքների պատճառով ցորենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների դեֆիցիտը հասել է հակամարտության հետ ընդհանրապես կապ չունեցող երրորդ աշխարհի երկրներ: Մի խոսքով, աշխարհը հաջորդ տարի էլ ստիպված կլինի բախվել ու ապրել պատերազմի հետևանքների հետ:
ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԵՐ ՄԱՇԿԻ ՎՐԱ. ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՇՈԳԵՐ
Այս տարի կլիմայի փոփոխությունը հանգեցրել է բազմաթիվ ռեկորդային ջերմաստիճանների ամբողջ աշխարհում: Թռիչքուղիների հալումից մինչև ավերիչ անտառային հրդեհներ. 2022-ին ոչ մի երկիր ապահովագրված չէր տապի ծայրահեղ մակարդակից: Ի դեպ, համաշխարհային միջին ջերմաստիճանը մոտ 1.2 աստիճանով ավելի բարձր է, քան նախաարդյունաբերական ժամանակներում։
Վստահաբար լուրերին հետևելիս առնվազն մեկ անգամ լսել եք, որ, օրինակ, Իտալիայում կամ Հունաստանում մոլեգնած անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել, հարյուր հազարավոր հեկտար տարածքներ հրդեհվել են: Միայն Եվրամիության տարածքում մոտ կես միլիոն հեկտար է այրվել. այս ցուցանիշը վերջին տարիների համար ռեկորդային է:
Այստեղ կարճաժամկետ լուծումներ չկան: Գլոբալ տաքացումը նպաստում է հրդեհների արագ տարածմանը, ավելի երկար այրմանը և ավելի մեծ ինտենսիվությանը: Իսկ երկարաժամկետ լուծումների համար աշխարհի առաջնորդները համաժողովներ են կազմակերպում, էկոակտիվսիտներն էլ 2022-ի թրենդ դարձրին թանգարաններում հանրահայտ կտավների դեմ վանդալիզմը: Տեսնենք, թե ուր կհասնի նրանց ստեղծարար միտքը հաջորդ տարի:
Ի ՎԵՐՋՈ՝ ՈՐՏԵՂ ԾՆՎԵՑ ԱՇԽԱՐՀԻ 8 ՄԻԼԻԱՐԴԵՐՈՐԴ ՄԱՐԴԸ
Մարտունիում, թե աշխարհի մեկ այլ կետում, ամեն դեպքում աշխարհում ծնվել է 8 միլիարդերորդ մարդը, և սա ռեկորդ է: 1803 թվականին աշխարհի բնակչությունը հատեց մեկ միլիարդի սահմանը, ու միայն մոտ 220 տարի անց մեր մոլորակում 8 միլիարդ բնակիչ կա: Ի դեպ, 7 միլիարդի շեմը հատել էինք դեռ 11 տարի անց, իսկ 9 միլիարդն անցնելու համար կպահանջվի առնվազն 15 տարի:
Աշխարհի բնակչության գրեթե կեսն ապրում է ընդամենը 7 երկրում: Թոփ երեքում են Չինաստանը, Հնդկաստանն ու Միացյալ Նահանգները: Իհարկե, բնակչության աճող թվի հետ աճում են նաև մարդկանց սոցիալական պայմանների հետ կապված մտահոգությունները: Հիմա գլխավոր հարցը հետևյալն է՝ որքա՞ն մարդու է մեր մոլորակն ի վիճակի պահել:
ՏԱՐՎԱ ՑՈՒՅՑԵՐԸ
Ամեն տարի աշխարհում հազարավոր բողոքի ակցիաներ են արվում, սկսած տնտեսական հարցերից մինչև քաղաքական անհամաձայնություններ ու սոցիալական խնդիրներ: Ու այնպես է ստացվել, որ ամեն տարի էլ լինում են ցույցեր, որոնք անցնում են մեկ պետության սահմաններն ու տարածվում ամբողջ աշխարհում: Բոլորս էլ հիշում ենք, օրինակ, 2020-ի Black Lives Matter-ը, կամ Ֆրանսիայում դեղին ժիլետների ակցիաները: Դե իսկ լոքդաունների դեմ պայքարող մարդիկ լրիվ առանձին քննարկման թեմա են:
Բայց այս տարի իր հնչեղությամբ հատկապես առանձնացան հարևան Իրանում ընթացող բողոքի լայնամասշտաբ ակցիաները: Ցույցերը սկսվեցին սեպտեմբերին՝ ոստիկանական բաժանմունքում մի երիտասարդ աղջկա մահից հետո, որը պատշաճ կերպով չէր ծածկել գլուխը: Արդյունքում ձևավորվեց «Կանայք, կյանք, ազատություն» կոչով ակցիան, որը տարածվեց անկախ սոցիալական, էթնիկ ու տարիքային պատկանելությունից: Աշխարհի տարբեր երկրներում իրանցիներին աջակցող ակցիաներ սկսվեցին: Իսկ իրանցի կանայք ցուցադրաբար տեսախցիկների առաջ հանում էին հիջաբները՝ ի համերաշխություն զոհված աղջկա:
ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԱՎԱՐՏԸ. ՀՐԱԺԵՇՏ ԹԱԳՈՒՀՈՒՆ
2022-ին ավարտվեց Եղիսաբեթ Երկրորդ թագուհու էպոխան: Պատմական կերպարը, ով նաև մեր ժամանակակիցն էր, ապրեց 96 տարի: Մեծ Բրիտանիայի օրհներգում God Save the Queen֊ը վերափոխվեց God Save the King֊ի, ու ամեն ինչ սկսվեց նորից: Եղիսաբեթ Երկրորդն իր կյանքի ու գործունեության ընթացքում մեկ ռեկորդ չէ, որ սահմանել է, բայց ամենաառանցքայինն այն է, որ թագուհին դարձավ բրիտանական պատմության ամենաերկարակյաց միապետը, որն իր կառավարման ժամանակ տեսավ ու ճանապարհեց Մեծ Բրիտանիայի 15 վարչապետի:
Թագուհին ոճ էր թելադրում, ճաշակ ձևավորում, հայտնվում ամսագրերի շապիկին, նրա մասին ֆիլմեր ու երգեր էին գրում, քանդակում ու կտավներ ստեղծում: 96֊ամյա թագուհին աշխարհի ամենաճանաչելի դեմքն էր։ Նրան գիտեին բոլորը՝ անկախ տարիքից, ապրեակերպից ու մայրցամաքից: Թագուհու մասին շատ ավելին՝ նրան նվիրված մեր լոնգրիդում:
ՏԱՐՎԱ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ. AI-Ի ՍՏԵՂԾԱԾ ՎԻԶՈՒԱԼՆԵՐԸ
Արհեստական բանականության ստեղծած վիզուալները վստահաբար կարող են հաղթել տարվա հայտնություն անվանակարգում: Արդեն պատմել ենք ծիրան ուտող Բոնդի ու Ռեմբրանդի ոճով Հայաստանի մասին, և տարեվերջին հաստատում ենք՝ արհեստական բանականությունը մեզ հետ ոտք է գցում նաև արվեստում: Մեծ վերապահումով մոտեցեք մարդկանց, որոնք պնդում են, թե արհեստական բանականությունը ստեղծարար չէ ու նրանց ցույց տվեք, օրինակ, այն կտավը, որը մարդկանց ստեղծած կտավների հետ հայտնվել է նույն անվանակարգում ու հաղթել:
Անշունչ մեքենան կարո՞ղ է արվեստ գեներացնել: Իհարկե, վիճելի հարց է: Ստեղծարարության, հեղինակային իրավունքի ու էթիկայի նորմերի շուրջ մեծ բանավեճ կա, բայց 2022-ն ապացուցեց, որ արհեստական բանականությունը րոպեների ընթացքում կարող է ստեղծել արվեստի այնպիսի գործ, որի համար անգամ ամենատաղանդավոր նկարչից առնվազն ամիսներ կպահանջվեր: AI սափիենս դառնալու ճանապարհին ինքներդ էլ կարող եք էքսպերիմենտներ անել DALL-E-ում կամ MidJourney-ում:
NFT-ՆԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԹՌԻՉՔՆ ՈՒ ԱՆԿՈՒՄԸ
Այս տարի Վալենտինի օրվա առթիվ սիրահարներն իրար նվիրում էին Գուստավ Կլիմտի «Համբույրը»: Ավստրիայի Բելվեդեր պատկերասրահը Կլիմտի գլուխգործոցը 10,000 մասի էր «բաժանել»: Ավելի ճիշտ՝ 10,000 NFT-ի: NFT-ն թվային աշխարհում 2021-ի ամենաքննարկված թեման էր: 2022-ի սկզբում ևս հաղթարշավը շարունակվում էր, բայց սա կարճ տևեց ու թռիչքն ընդհատվեց արդեն տարեվերջին:
NFT-ի մասին մեր նախորդ ակնարկներից կարճ մեջբերումով հիշենք, որ յուրաքանչյուր NFT վիտուալ տարածքում եզակի թվային ակտիվ է, որը հնարավոր չէ փոխանակել մեկ այլ NFT-ի հետ, որովհետև դրանք համարժեք չեն և չեն էլ կարող լինել: NFT-ն կարող է լինել ամեն ինչ՝ թվիթ, տեսանյութ, կտավ, երաժշտություն, որոնց հեղինակներն իրենց ստեղծածը թվային են դարձնում և վաճառում են: NFT-ները կարող են դիտել/լսել/կարդալ բոլոր ցանկացողները: Այսինքն՝ պրոդուկտը հասանելի է բոլորին, բայց սեփականատեր է համարվում միայն գնորդը: Beeple-ի Everydays: the First 5000 Days-ը, օրինակ, ամենաթանկ վաճառված աշխատանքներից է: NFT-ն վաճառվել է մոտ 70 միլիոն դոլարով:
Դե իսկ NFT-ի անկումն ուղիղ կապված էր այս տաի մարդկանց կրիպտոդրամապանակների դատարկվելու հետ: Կրիպտոշուկայի փլուզումն ավելի տեսանելի ու հավանական դարձավ FTX-ի հայտնի սկանդալից հետո: Կրիպտոբորսայի սնանկացումը փոխեց բոլոր խոշոր խաղացողների պլանները: Բորսայից ավելի քան 600 միլիոն դոլար գողացվեց հաքերային հարձակման հետևանքով ու հիմա ոլորտը ծայրահեղ ծանր վիճակում է:
ԻԼՈՆ ՄԱՍԿ ԵՎ ԹՎԻԹԵՐ. ԴՐԱՄԱ՝ ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ
2022-ը ճակատագրական էր աշխարհի ամենաազդեցիկ սոցիալական հարթակներից մեկի համար: Երկար բանակցություններից, փոշմանելուց, իրավական քաշքշուկներից հետո հեղափոխական գաղափարների հայր Իլոն Մասկը հոկտեմբերին 44 միլիարդ դոլարով գնեց Twitter-ը։ Գնեց, հայտարարեց, որ «թռչնակը վերջապես ազատ է», ու սկսվեց սկանդալային որոշումների հիթ շքերթը:
Աշխատակիցների կրճատումից մինչև խոսքի ազատության ու դրա ընկալումների շուրջ տարաձայնություններ: Մասկը խոստացավ, որ գալիս է մտքերն ազատ արտահայտելու ժամանակը: Արդյունքում մի քանի ամսում սոցիալական հարթակի շուրջ սև ամպեր կուտակվեցին: Թե ինչպես դրանք կցրվեն ու ինչ ռազմավարությամբ կշարունակի Մասկը՝ կհասկանանք գալիք տարում: Դե իսկ մեկ թվիթի ուժի ու ազդեցության մասին կարող եք կարդալ մեր մյուս լոնգրիդում:
ՏԱՐՎԱ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Ջոնի Դեփն ընդդեմ Էմբեր Հերդի». Այս աղմկահարույց դատավարության կադրերը համացանցում միլիոնավոր դիտումներ ունեն, մարդիկ Netflix-ի փոխարեն նախընտրում էին վերցնել պոպկորնն ու դիտել ռեալիթի շոուի ամենաիրական մոտիվներով դատավարությունը: Դատավարությունն ավարտվեց Դեփի օգտին: Երդվյալ ատենակալները որոշեցին, որ Washington Post-ի հրապարակած՝ Էմբեր Հերդի հոդվածը զրպարտող բնույթ է կրել, միաժամանակ պնդելով, որ երկու կողմն էլ զրպարտել են միմյանց:
2021-ը Դեփի համար ծանր տարի էր, դերասանը միլիոնավոր դոլարների արժողությամբ գործարքներ կորցրեց, իսկ կարիերան գահավիժեց լույսի արագությամբ: Բայց 2022-ին Ջոնի Դեփը ոչ միայն վերականգնեց երբեմնի համբավը, այլև գործակցության նոր առաջարկներ ստացավ: Վերադարձ կինոէկրաններ՝ Լյուդովիկոս XV դերում, գովազդային նոր արշավներ, համերգներ ու շրջագայություններ: Բոլոր մանրամասները՝ մեր հերթական լոնգրիդում:
ՏԱՐՎԱ ՍԿԱՆԴԱԼԸ
Ֆրանսիական Balenciaga-ի շուրջ կրքերը վստահաբար կարող ենք համարել 2022-ին նորաձևության աշխարհի գլխավոր սկանդալը: Տոնական գովազդային արշավը ֆրանսիական բրենդի համար դարձավ իսկական մղձավանջ ու համաշխարհային անունը դարձավ չեղարկման մշակույթի գլխավոր թիրախը:
Երեխաներին ընդգրկող փափուկ արջուկների գովազդը թաքնված ԲԴՍՄ թեմատիկայով էր ու սա րոպեների ընթացքում ցնցեց համացանցը: Երեխաների ձեռքին խաղալիքներ էին, որոնք «հագնված» էին ԲԴՍՄ թեմատիկայով գոտիներով ու հագուստով։ Իսկ արշավի արդյունքը ոչ թե մեծ վաճառքներն էին, այլ #cancelBalenciaga հեշթեգը: Ֆրանսիական բրենդը չեղարկելու արշավին միացան նաև նույն բրենդի դեսպանները. Հայտնի անուններ, որոնք մինչև այդ համագործակցում էին Balenciaga-ի հետ: Բրենդը ընդունեց մեղքը, ներողություն խնդրեց, հեռացրեց բոլոր լուսանկարներն ու հայտարարեց, որ իրավական քայլեր են ձեռնարկվում: Այլ չեղարկված կազմակերպությունների մասին՝ մեր լոնգրիդում:
ՔԻՄԻ «ՄՈՆՐՈՅԻ ՊԱՀԸ»
Քիմ Քարդաշյանի 2022-ի Met Gala֊ի կերպարը դեռ երկար կհիշեն թե՛ Քիմի երկրպագուները, թե՛ Մերիլին Մոնրոյի: Քիմի հագին այն զգեստն էր, որով Մոնրոն նախագահ Քենեդու համար Happy Birthday էր երգում: Քարդաշյանն այս զգեստը հագնելու համար 7 կգ նիհարել էր ու մի կերպ տեղավորվել զգեստի մեջ: Ու չնայած մեծ ջանքերին, զգեստն ամեն դեպքում վնասվել էր:
Սա, իհարկե, չվրիպեց համացանցի օգտատերերի աչքից: Քիմի շուրջ բողոքի ու բացասական էներգիայի մեծ ալիք կուտակվեց: Նրան մեղադրում էին Մոնրոյին չհարգելու և սեփական փառքը մեկ այլ մարդու հիշատակից գերագնահատելու մեջ: Մոնրոյի ֆենոմենի մասին ավելին կարող եք կարդալ մեր մեկ այլ լոնգրիդում:
ԱՐԳԵՆՏԻՆԱՑՈՒ ԵՐԱԶԱՆՔՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է
Տարվա թերևս ամենամասշտաբային, ամենասպասված ու էմոցիոնալ միջոցառումներից մեկը ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր: Ու ամեն ինչ դարձավ ավելի արտառոց ու էմոցիոնալ, երբ Մունդիալի գավաթը նվաճեց Արգենտինան: Սա ամբողջ հավաքականի ու երկրպագուների հաղթանակն էր, բայց առաջին հերթին մի արգենտինացու, որը նվաճել էր ֆուտբոլային բոլոր հնարավոր մրցանակները, բացի աշխարհի գավաթից:
Մեսսին ու Արգենտինան դարձան Կատար-2022-ի հերոսները, իսկ Մունդիալի ամբողջ ընթացքը հիշարժան էր անսպասելի հաղթանակներով, նոր տաղանդների բացահայտումով ու թարմացված ռեկորդներով: Կատարը ռեկորդային ռեկորդակիր էր ոչ միայն ֆուտբոլիստների շնորհիվ: Սա աշխարհի առաջին առաջնությունն էր, որն անցկացվում էր Միջին Արևելքում։ Առաջինը, որ անցկացվում էր ձմռանը: Առաջինը, որտեղ ներառված էր կին մրցավար։ Մյուս ռեկորդները՝ մեր ֆուտբոլային լոնգրիդում:
ՎԵՐՋՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ԻՆՉ ԵՂԱՎ ԵՎ ՈՒՐ ԵՆՔ ՀԱՍԵԼ
Մեր անդրադարձն ամենևին էլ քաղաքականության մասին չէ, բայց 2022-ին ևս մեր իրականությունը ծանր էր, քաղաքական ու ռազմական խիտ շերտերով ու գույներով: 2022-ի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմ ունեցավ 224 զոհ: Մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ագրեսիայի հետևանքով ադրբեջանական բանակը օկուպացրեց Հայաստանի սուվերեն տարածքներ ու շարունակում է դրանք օկուպացված պահել:
Տարին ևս փակում ենք ադրբեջանական սադրանքի ֆոնին ու Արցախում հումանիտար աղետի շեմին: Լաչինի միջանցքը փակած պսևդոէկոակտիվիստները արդեն 18 օր Արցախը շրջափակման մեջ են պահում: Մեր հայրենակիցների կյանքի ճանապարհը փակ է:
2022-ին ողբերգական էր օգոստոսի 14-ը: «Սուրմալու» առևտրի կենտրոնում խոշոր պայթյունի հետևանքով 16 մարդ զոհվեց, 60-ից ավելի մարդ վիրավորվեցին, խոշորամասշտաբ ավերածությունների հետևանքով տասնյակ մարդիկ կորցրին աշխատանքն ու ապրուստի միջոցը:
Ամեն դեպքում, փորձենք այց ցանկն ավարտել դրական սպասումով ու հույսի նոտայով: 2022-ին Հայաստանում անցկացվեց Starmus փառատոնը: Գիտական արշավը Հայաստան բերեց շուրջ 5 տասնյակ գիտնականների՝ այդ թվում Նոբելյան մրցանակակիրներ, աստղագնացների, արտիստների ու երաժիշտների:
Տարեվերջին Երևանում անցկացվեց նաև Մանկական Եվրատեսիլ միջազգային մրցույթը: Այն մոտ 33 միլիոն դիտում ունեցավ ու Հայաստան բերեց հարյուրավոր մարդկանց՝ ամբողջ Եվրոպայից: