Միքելանջելոյի «Պիետան»՝ կարդինալի պատվերից մինչև վանդալիզմ
Ինչպես 24-ամյա Միքելանջելոն մարմարի մի կտորով ու կարդինալի պատվերով Տիրամորը պատկերեց՝ Հիսուսը գրկում, պահպանեց քանդակի բուրգաձև կառուցվածքը, անհանգստացավ, որ այս քանդակն իր անվան հետ չի կապվի ու ստորագրեց դրա վրա։ Միքելանջելոյի գործի սկզբից մինչև վանդալիզմ, վերականգնում և մի գործ Բերնինիից՝ կրկին քանդակված, երբ արտիստը 24 էր։
Ինչու և ինչպես են այս արտիստները պատկերել գրկախառնության թեման. ով ում գրկում և ինչու է հայտնվել՝ կրոնականից մինչև դիցաբանական բացատրություն։
ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈ. «ՊԻԵՏԱ»
Դարեր շարունակ Միքելանջելոյի գործերը Վերածննդի դարաշարջանի խորհրդանիշերից ու իտալական արվեստի գոհարներից են համարվում։ Սիքստինյան կապելլայի առաստաղը՝ Վատիկանում, Դավիթի արձանը՝ Ֆլորենցիայում․ մեծ արտիստի մեծագույն այս գործերի կողքին ևս մեկն է հիշատակվում՝ «Պիետան», Քրիստոսի մահացած մարմինն իր գիրկն առած Մարիամի մարմարե պատկերը։
15-րդ դարում ստեղծված այս գործը համարվում է համաշխարհային արվեստում ամենասիրված գործերից մեկը․ այս քանդակը տեսնելու համար Վատիկանի հրապարակում մարդիկ ժամերով են հերթ կանգնում, իսկ գործի պատկերագրությունը, պատմությունն ու գեղարվեստական բնութագրերը ձևավորում են այս կարևոր ժառանգության իսկական արժեքը։
Քրիստոնեական արվեստում «Պիետա» են կոչում Մարիամ Աստվածածնի ցանկացած պատկեր (առավելապես քանդակ), որ գրկում է իր որդու՝ Հիսուս Քրիստոսի մարմինը։ Թեև Աստվածաշնչում հստակորեն հղում չկա հենց այս պատկերին՝ մահացած Հիսուսին գրկած Աստվածածնին, այնուամենայնիվ այս տեսարանը պատկերելը լայնորեն ընդունված էր՝ հատկապես միջնադարից սկսած։ 1400-ականներին այս ավանդույթը նաև Իտալիա էր հասել՝ «համեմվել» մարմարով։
15-րդ դարասկզբին ֆլորենցիացի Միքելանջելո Բուոնարոտին իտալական արվեստի աշխարհում արդեն հարգված դեմք էր՝ հայտնի անատոմիական ճշտությամբ ու մեծ գեղագիտությամբ աստվածաշնչյան կերպարների պատկերներ և քանդակներ ստեղծելով։
1497-ի վերջին կարդինալ Ժան Բիլերե դե Լագրոլայից (Jean de Bilhères-Lagraulas) պատվեր ստացավ՝ ստեղծելու «Պիետան»։ Հաջորդ տարի երիտասարդ Միքելանջելոն սկսեց աշխատել այս գործի վրա՝ Կարարա մարմարի մեկ բլոկով։
Կարարայի մարմարը որակի չափանիշ է այսօր ու սիրված նյութ Վերածննդի արտիստների համար։ Կարարան Իտալիայի արևմտյան քաղաքներից է՝ Միջերկրականի ափին։ Այս քաղաքը հայտնի է մարմարի իր հանքավայրով։
1499-ին Միքելանջելոն ավարտեց քանդակն ու, ասում են՝ ժամանակակիցներից մեծամասամբ գովասանքի խոսքեր լսեց իր աշխատանքի համար։ Նկարիչ, գրող, պատմաբան Ջորջիո Վազարին, ով Միքելանջելոյի կենսագիրներից ու երկրպագուներից էր, գիտեր ու պատմել է, թե ինչու «Պիետան» միակ գործը դարձավ, որի վրա արտիստը դրեց իր ստորագրությունը։
Համաձայն Վազարիի պատմության՝ Միքելանջելոն, ով քանդակը 24 տարեկանում է կերտել, մի օր լսել է, թե ինչպես են երկու հոգի հիացմունքի խոսքեր ասում ու գովում քանդակը՝ սխալմամբ վերագրելով այն մեկ այլ իտալացի նկարչի։ Այս դեպքից հետո արտիստին տարօրինակ է թվացել՝ ինչու պիտի իր գործը շփոթվի ու վերագրվի մեկ ուրիշին, և նա առաջին և վերջին անգամ ստորագրել է իր ստեղծած քանդակի վրա։
Բայց ինչո՞վ է առանձնանում Միքելանջելոյի «Պիետան» և ի՞նչն է այս գործն առանձնահատուկ դարձնում։ Ինչպես Վերածննդի այլ գործեր, այս մեկը ևս իր ժամանակի իդեալականն է պատկերում՝ մեծ հետաքրքրություն ցուցաբերելով նատուրալիզմի հանդեպ։
Բարձր Վերածննդի շրջանում (1490-1527) իտալացի արվեստագետները սկսեցին մերժել միջնադարյան արվեստի փոխաբերություններն ու չափազանցությունները, անիրատեսական ձևերը՝ տեղ տալով ավելի նատուրալիստական մոտեցման։ Այս շրջանում Միքելանջելոն կերտեց քանդակներ, որոնք կենտրոնացած էին հավասարակշռության, դետալների, մարդու կերպարի իդեալականացված, բայց իրական մոտեցման վրա։
«Պիետան» հենց այս մոտեցումների ու Վերածննդի իդեալների արտացոլումն է։
Հավասարակշռություն ստեղծելու համար բրգաձև տեսք տալով քանդակին՝ Միքելանջելոն օգտվել է Վերածննդի շրջանում տարածված այս տեխնիկայից։ Այն դիտողին երևակայական եռանկյունու մեջ է ցույց տալիս պատկերը՝ կայունություն ստեղծելով դրա շուրջ։
Քանդակի երկու հերոսի՝ Տիրամոր ու Հիսուսի կերպարներն իրենց չափերով ևս քննարկման առարկա են եղել։ 174 × 195 × 69 քանդակում պարադոքսալ կերպով Տիրամայրն ավելի մեծ չափեր է զբաղեցնում, քան իր գրկում գտնվող հասուն տարիքի որդին։ Թեև արվեստի մեկնաբանները կարծում են, որ չափերի այս համամասնությունն ընտրվել է հեռանկարի պատճառով (ավելի փոքր մարմնի գրկում գտնվող մեծ մարմինն անհավասարակշիռ տեսք կտար քանդակին), այնուամենայնիվ, կա նաև մեկ այլ վարկած։ Ըստ դրա՝ Միքելանջելոն հետևել է Vesperbild-ի ավանդույթին․ օրինակ, 14-րդ դարի արձանի մասին խոսելիս, MET-ում բացատրում են, թե Հիսուսի ավելի փոքր չափսը կարող է բացատրվել «Պիետա» պատկերած գերմանացիների կարծիքը, ըստ որի՝ Մարիամն իր վշտի, տանջանքների մեջ պատկերացնում է, թե Հիսուսը մանուկ է ու իր գրկում։
Խորհրդանշական այս քանդակին, սակայն, մահվան ու ողբի դիտանկյունից չի առաջարկվում նայել․ ասում են՝ նայելով Աստվածածնի ձախին, մենք կարող ենք տեսնել, թե նա մեզ խորհրդակցելու է կանչում իր որդու մահվան մասին ու մեղմորեն խոսում Քրիստոսի մահից՝ որպես փրկության ճանապարհ․ մահը ոչ թե վերջն էր, այլ հավերժական կյանքի սկիզբ։
Իր ապրած 500-ից ավելի տարվա ընթացքում «Պիետան» ոչ միայն հիացմունքի առիթ, այլև վանդալիզմի թիրախ է եղել։ 1972-ի մայիսի 21-ին Թոթ ազգանունով մեկը ներխուժեց Սբ Պետրոսի տաճար ու մուրճով հարվածներ հասցրեց Միքելանջելոյի գործին՝ բղավելով՝ «Ես եմ Հիսուս Քրիստոսը, ես հարություն եմ առել մեռյալներից»։
Մուրճի մի քանի հարված էականորեն վնասել էր քանդակը, ասում են՝ տաճարի այցելուներից ոմանք անգամ մարմարի փշրված կտորներն իրենց հետ էին վերցրել։ Հետագայում «Պիետան» վերականգնման մանրակրկիտ փուլ անցավ, Մարիամ Աստվածածնի վնասված քիթն ու արձանի այլ մասեր վերականգնվեցին, և այսօր այն հատուկ պատշտպանության տակ է։
ԱՌԵՎԱՆԳՈՒՄԸ՝ ԸՍՏ ՀԻՆ ՀՈՒՆԱԿԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԵՐՆԻՆԻԻ
Բորգեզե պատկերասրահի զարդերից մեկը բարոկկո շրջանի իտալացի քանդակագործ, ճարտարապետ Լորենցո Բերնինիի «Պերսեփոնեի առևանգումն» է։
Այս գործը հեղինակը ստեղծել է, երբ ընդամենը 24 տարեկան էր։ Սա համարվում է Բերնինիի ամենանշանավոր աշխատանքներից մեկը, սբ Պետրոսի տաճարը նախագծելուց զատ։
Ինչպես Բերնինիի գործերից շատերում, այստեղ էլ սյուժեն վերցված է Հին հունական դիցաբանությունից։ Ստորերկրյա աշխարհի աստված Հադեսը (Պլուտոն) առևանգում է երկրագործության աստվածուհի Դեմետրայի աղջկան՝ Պերսեփոնեին այդպես կապելով իր հողին ու ստորգետնյա աշխարհին։
Հադեսի գրկից փախչող Պերսեփոնեն, ակնհայտորեն վախեցած, ստեղծում է իրական շարժում և իսկական պատկեր՝ առասպելին կյանք տալով։ Ասում են՝ Բորգեզե պատկերասրահի սրահիներից մեկի կենտրոն տեղափոխված այս գորշը հենց մեջտեղում է դրվել այդ շարժումը դիտողի աչքին ամբողջապես հասանելի դարձնելու, այս շարժման շուրջ պտտվելու հնարավորություն տալու համար։
Անշուշտ, առասպելի պատկերումը նաև մարդկայնացված կրքեր է ներառում ու մարմնական ցանկությունների հղումներ։
Աստվածամորից մինչև Հին հունական դիցարանի հերոսուհի՝ գրկած կամ մեկի գրկում, այս ցանկին ու գրկախառնության թեմային այլ կոնտեքստում ևս անդրադարձել ենք. իրար գրկում դուք կարող եք գտնել նաև մորուքավոր մոր պատմությունը, ծանոթանալ երեխաներ գրկող կանանց պատկերող մի կնոջ արվեստին կամ էլ մի երկարամազ կնոջ գրկում սփոփվող կամ արնաքամ լինող Մունկի հերոսին։