Կարինեն, Օնոն ու Մանուշակը. Եթե Սթիվեն Քինգը հայ գրող լիներ
Ոչ մի հեղինակի գործեր այդքան չեն էկրանավորվում, որքան Սթիվեն Քինգինը։ Սարսափների արքայի ցանկացած էկրանավորված գործ էկրանավորվում է մի քանի անգամ, թե մեծ, ու թե փոքր էկրանների համար, փոփոխական հաջողությամբ։ Այստեղ թե IMDb-ի ամենաբարձր գնահատականն ունեցող «Փախուստ Շոուշենկից» (The Shawshank Redemption, 1994) բանտային դրաման է, թե զզվելի «Մութ աշտարակը» (The Dark Tower, 2017)։ Քինգի գրքերը մեծ էկրաններ են տեղափոխել թե Սթենլի Կուբրիկի ու Ֆրենկ Դարաբոնտի նման հսկաներ, թե անտաղանդ նոնեյմեր, ում անունները հավերժ կորել են։ Քինգը բոլոր գրողներից ամենակինեմատոգրաֆիկն է, բայց նրա լավագույն գրքերի էկրանավորումների մասին արդեն բազմիցս խոսվել է, իսկ կրկնել չենք ուզում։
Այդ իսկ պատճառով դիմում ենք ոչ տրիվիալ քայլի։ Ինչպես Քինգն է ահռելի Մուլտիվերսի աշխարհներում որոնում ու գտնում իր պատմությունները, նույն կերպ կվարվենք նաև մենք։ Գրողը մի հրաշալի երկ ունի, կոչվում է «Ուռ» (Ur, 2009): Գլխավոր հերոսը` անգլերեն լեզվի ուսուցիչ, հայտնաբերում է աներևակայելի մի սարք. Kindle, որում ալտերնատիվ տիեզերքների հեղինակների գործերն են։
PAN-ը նույնպես ձեռք է բերել այդ սարքից (չհարցնեք` որտեղից), ու անթիվ ալտերնատիվ տիեզերքներից մեկում գտել Սթիվեն Քինգի հայ ալտեր էգոյին` Ստեփան Թագավորյանցին։ Կիսվում ենք հատվածներով նրա լավագույն գրքերի գրախոսականներից, ինչպես նաև հուշում` ի՞նչ կարդալ ու նայել Քինգից։
1. «Կարինեն»
Ստեփան Թագավորյանցի առաջին խոշոր գրական փորձը «Կարինեն» վեպն էր, որի անդրանիկ օրինակը այնքան դուր չէր եկել հեղինակին, որ Արագածի գագաթ արշավի ընթացքում իր հետ վերցնելով ձեռագիրը` Թագավորյանցն այն այրել էր լեռան չորրորդ գագաթին։ Մինչև հիմա ձեռագիրն այրելու տեղը երկրպագուների սիրելի ուխտագնացության վայրն է։
Այդուհանդերձ, «Կարինեի» գաղափարը հանգիստ չէր տալիս գրողին, ու երկու տարի անց հրատարակչի սեղանին դրվեց վեպի նոր տարբերակը։ Չնայած բազմաթիվ հարցազրույցների ու երկրպագուների հետ հանդիպումների ընթացքում դա ամենահաճախ հնչող հարց-խնդրանքն է, Թագավորյանցն այդպես էլ չի պատմել, թե որն էր վեպի առաջին ու երկրորդ օրինակների տարբերությունը, չնայած, մի անգամ կատակել է (կատակե՞լ է որ), որ այդ ինֆորմացիան փորագրվելու է իր գերեզմանաքարի վրա, երբ նա լքի այս մեղավոր աշխարհը։
«Կարինեի» երկու տարբերակն էլ գրվել են գրողի համար շատ բարդ ժամանակներում։ Աշխատելով «Նաիրիտ» գործարանում, որպես բեռնակիր, Թագավորյանցն անընդհատ ենթարկվում էր թունավոր գոլորշիների ազդեցությանը, իսկ ընդմիջումների ժամանակ գործընկերների հետ մի-մի բաժակ օղին ու մի-մի ծուխ մարիխուանան շատ արագ վերածվել էին ուժգին կախվածության թե ալկոհոլից, թե մարիխուանայից, որը հեղինակը կհաղթահարի միայն 90-ականների վերջին։ Թագավորյանցի կինը պատմում է, որ ամուսինը նստում էր գրամեքենայի առաջ միայն ծայրահեղ հարբած վիճակում, ճոճվելով, ու ամբողջ գիշեր կտկտացնում ստեղները` քթի տակ երգելով «Երևանի սիրուն աղջիկ» երգն ու սենյակը ծածկելով գարշահոտ հոկտեմբերյանական ծխով։ Իսկ առավոտյան վեցին դադարում էր գրել ու առանց նախաճաշելու գնում աշխատանքի։
«Կարինեն» պատմում է Արթիկի միջնակարգ դպրոցում սովորող աղջկա` Կարինե Արսանազյանի մասին։ Կարինեի հայրը չի վերադարձել Աֆղանստանից, իսկ մայրը` տիկին Ջուլիան, իբր թե գուշակության շնորհով օժտված կին, մի կերպ կերակրում է ինքն իրեն ու դստերը` հազվագյուտ այցելուների համար գուշակություններ անելով, թուղթուգիր հանելով, սրտեր միավորելով և այլն։ Եթե տիկին Ջուլիան ապրեր ինտերնետի դարաշրջանում ու ունենար TikTok-ի իր էջը, վստահաբար մեծ հաջողության կհասներ, այնքան ճարտար լեզու ու սուր աչք ուներ։ Բայց 80-ականներին Ջուլիան հայտնի էր միայն Արթիկում։ Ինչ վերաբերում է Կարինեին, վերջինս ոչ այնքան հաճելի արտաքինով վտիտ ու խեղճ աղջնակ էր, ով անդադար բուլինգի էր ենթարկվում դպրոցում ոչ միայն աշակերտների, այլև ուսուցիչների կողմից։ Հերթական անգամ ֆիզկուլտուրայի ուսուցիչ, հարբեցող Գրիշա Արմենակովիչի ներկայությամբ դաժան ծաղրի ենթարկվելուց հետո երեկոյան Կարինեն իր սենյակում լուռ ու անդադար աղոթում էր` խնդրելով Աստծուն սպանել իր բոլոր դասարանցիներին ու ուսուցիչներին։ Բայց Աստծո փոխարեն աղջկա աղոթքները լսեց Բեեղզեբուղը։
Դևերի արքայազնը համաձայնում է օգնել Կարինեին, սակայն յուրաքանչյուր մահի դիմաց աղջիկը պետք է Բեեղզեբուղին նվիրաբերի «մի կաթիլ իր անմեղ հոգուց»։ Կարինեն համաձայնվում է։ Ու այս պահից մռայլ դպրոցական դրաման վերածվում է այնպիսի արյունալի ու դաժան սարսափի, որ հրատարակիչը երկար ժամանակ ուղղակի հրաժարվում էր գիրքը հրատարակել։ Թագավորյանցն ամենայն մանրամասնությամբ նկարագրում է Կարինեին նեղացնողների նկատմամբ ծայրահեղ դաժան հաշվեհարդարի տեսարաններ, որոնք Բեեղզեբուղը կազմակերպում է, որպես դժբախտ պատահարներ` գործի դնելով իր ողջ սատանայական հնարամտությունը, կարծես հաճույք ստանալով իր իսկ ստեղծած կերպարների սարսափելի մահերից։ Իհարկե, Կարինեն պետք է վճարի ծառայության դիմաց` աստիճանաբար փոխվելով ու սլանալով դեպի ողբերգական ֆինալը։
«Կարինեն» հանրահռչակեց Թագավորյանցին, որպես տաղանդավոր, առանց կոմպրոմիսների, նորարար գրող, ով բառի հետևից գրպանը չի մտնում ու միշտ գիտի, թե որ ձևակերպումն ինչպես լավագույնս օգտագործել։ 80-ականների հայալեզու գրականության համար սա լրիվ նոր երևույթ էր։ Ինչպես կպարզվի հետո, նոր երևույթ էր նաև ամբողջ ԽՍՀՄ-ում։ Կոմկուսի գրաքննությունը անփոփոխ թողեց վեպը` կարծելով, որ վառ, ուղիղ նկարագրությունները լավ միջոց կարող են լինել դպրոցներում բուլինգի պրոֆիլակտիկայի համար։ Ու իրոք, ռուսերեն թարգմանվելուց ու բարձր դասարանների ծրագրում պարտադիր դառնալուց հետո «Կարինեն», ուղիղ, թե անուղղակի, նպաստեց բուլինգի դեպքերի կրճատմանը։ Իսկ Թագավորյանցը լքեց ատելի աշխատանքը ու իրեն նվիրեց գրելուն։
*** Ի՞նչ կարդալ. Սթիվեն Քինգի «Քերրին» (Carrie, 1974): Ի՞նչ դիտել. 1976 թվականի էկրանավորումը։
2. «Քուչո»
Թագավորյանցը պաշտում է կենդանի բնությունը։ Այդ մասին գրողը բազմիցս խոստովանել է իր հարցազրույցներում` մշտապես շեշտելով, որ իր սիրելի հեղինակը Վախթանգ Անանյանն է։ Բնության նկատմամբ սիրո մասին են վկայում նաև բազմաթիվ արշավները, որոնց հեղինակը մասնակցել է ամբողջ անծայրածիր Խորհրդային Միությունով մեկ։ Այնպես որ, «Քուչոն» նաև այդ սիրո յուրահատուկ դրսևորում է։
80-ականների կեսին յուրաքանչյուր ավտոսիրող հրաշալի գիտեր Газ-24-10-ի սպեցիֆիկ խնդրի մասին։ Ջրի ցիրկուլյացիայի խոտանի պատճառով այն կոնդենսացվում էր վառոցքի մոմերի հիմքում, հատկապես երկար ուղևորության ընթացքում։ Արդյունքում, կարող էր այնպես ստացվել, որ շարժիչն անջատելուց հետո այն գործարկելը դառնում էր անհնար։ Այդ իսկ պատճառով վարորդները պարտադիր բեռնախցիկում պահում էին բենզինով զոդալամպ։ Իր առաջին գրքի հաջողությունից հետո Թագավորյանցն ինքը գնել էր այս նորագույն ավտոմեքենայից ու բազմիցս բախվել խնդրի հետ. դրա շնորհիվ այն դարձավ նաև իր մյուս հռչակավոր վեպի հիմքը։ Ու, զարմանալիորեն, միայն դրանից հետո ավտոարտադրողը վերացրեց խոտանն ու գրողին նվիրեց լրիվ նոր, թարմացված Газ-24-10։
Ինչևիցե, «Քուչոն» պատմում է մոր և 6-ամյա որդու մասին, ովքեր փախչելով հարբած հոր հերթական դեբոշից, նստում են վերջինիս Газ-24-10 ավտոմեքենան ու հեռանում։ Իրադարձությունները տեղի են ունենում գիշերը, ու Առինջի ճանապարհին, ձորի մեջ մեքենան հանգում է ու այլևս չի գործարկվում։ Դա դեռ դժբախտության կեսն է, որովհետեւ անանուն կնոջն ու երեխային (հեղինակը միտումնավոր չի նկարագրում նրանց արտաքինն ու անուններով չի օժտում, որպեսզի ընթերցողին ավելի հեշտ լինի իրեն ասոցացնել կերպարների հետ) սկսում է ահաբեկել կատաղությամբ վարակված ահռելի կովկասյան գամփռը։
Թագավորյանցի համար այս պատմությունը խիստ անձնական է։ Հետագայում հրատարակված «Ինչպես դառնալ գրող ու սովից չմեռնել» գրքում պատմելով իր վաղ մանկական հիշողությունների մասին, Թագավորյանցը կհիշատակի իր Կառլեն քեռու սարսափելի մահը կատաղություն հիվանդությունից։ Փոքրիկ Ստեփանն ամենայն մանրամասնությամբ ֆիքսել էր այդ ժամանակվա իրադարձությունները. տատիի շունը` Քուչոն, վայրի սկյուռի հետ մարտից հետո վարակվում է կատաղությամբ, ապա` կծում խեղճ քեռուն` Կառլենին ու մի քանի օրից սատկում։ Չնայած գյուղի բժշկի հորդորներին` Կառլենը հրաժարվում է պատվաստումներից` նշելով, որ Աստված իրեն կբժշկի։ Ցավոք, Աստված լրիվ այլ պլաններ է ունենում 30-ամյա երիտասարդ ու հաղթանդամ տղամարդու հետ կապված, ու երկու ամիս անց քեռին սարսափելի ջղաձգումների մեջ մահանում է հենց իրենց տանը։
Գրքում շան կատաղությունն ամենակուլ ու անխուսափելի մահվան խորհրդանիշն է։ Քուչոյի փրփրապատ ու արյունոտ երախը, կարմիր աչքերը, գզգզված բուրդը, ահռելի ուժը այդ ամենի մարմնացումն են։ Թագավորյանցը գրում է սարսափելի ազարտով, անտեսում ընթերցողի զգացմունքներն ու պատմում իր պատմությունն այնպես, ինչպես ուզում է։ Արդյունքում, գրականագետները համոզված են, որ «Քուչոն» հեղինակի ամենավախենալու գրքերից մեկն է։
***
Ի՞նչ կարդալ. Սթիվեն Քինգի «Քուջոն» (Cujo, 1981): Ի՞նչ դիտել. 1983թ-ի էկրանավորումը։
3. «Օնոն»
Դեռ ստեղծագործական կյանքի վաղ շրջանում Թագավորյանցը ձգտում էր իր գրական գործերը միավորել մեկ միասնական տիեզերքում։ Հետագայում, ավելի հասուն գրող դառնալու հետ մեկտեղ, հեղինակը կամբողջացնի այս գաղափարը լեգենդար «Մութ Արտաշատը» շարքում, սակայն առաջին բողբոջները ի հայտ եկան ամենաբեղուն ստեղծագործական շրջանում` 80-ականների վերջին։ Ու դրանցից ամենավառը, պրովոկացիոնն ու տպավորիչը, իհարկե, «Օնոն» մոնումենտալ վեպն էր, որը կոմկուսի գրաքննությունը սկզբում փորձում էր արգելել, կամ կրճատել, սակայն հազարավոր երկրպագուների անցկացրած գործադուլների, հացադուլների ու անգամ բացահայտ խաղաղ անհնազանդության ակցիաների ճնշման ներքո տեղի տվեց։
«Օնոն» մոտ 1500 էջանոց վեպ է` ամբողջությամբ ներծծված Թագավորյանցի հետաքրքիր, ողբերգական ու հաճախ նաև երջանիկ մանկության դրվագներով։ Արտաշատ քաղաքում ծնված ու մինչև 14 տարեկանն այնտեղ ապրած ապագա գրողի կյանքը դեռ վաղ մանկությունից լի էր իրադարձություններով, որոնք խորը հետք են թողել հեղինակի ստեղծագործական կյանքում։ Սիրելի քեռու մահը կատաղությունից, մոտ ընկերոջ մահը տրակտորի անիվների տակ, դպրոցում փոքրիկ Ստեփանին ու իր ընկերներին հետապնդելը ավելի ուժեղ դպրոցականների կողմից միախառնվում են սովետական ու օտարերկրյա գրողների գիտաֆանտաստիկ ու սարսափ ժանրերի գրքերին, ինչպես նաև նույն այդ ժանրերի լավագույն ֆիլմերին ծանոթանալու բերկրանքի, բաց բնության մեջ արկածներ որոնելու ու գտնելու ոգևորության հետ։ Մանկությունը` միաժամանակ քաղցր ու դառը հիշողությունների շտեմարան, այն վայրն է, ուր Թագավորյանցն առավել հաճախ է դիմում ստեղծագործելիս։ Ու «Օնոն» գրելու ընթացքում հեղինակը բառացիորեն ապրել է այդտեղ։
Գրքի կենտրոնում յոթ դեռահասներ են, ովքեր իրենց անվանում են «Կտցրածներ»։ Նրանք սիրում են գիտական ֆանտաստիկա ու սարսափ ժանրերի գրքեր ու ֆիլմեր, լսում են «Բիթլզի» ու «Ռոլինգ Սթոունզի» ձայնասկավառակներն ու անդադար թափառում են Արտաշատի մերձակա դաշտերում` մի կողմից արկածներ որոնելու, մյուս կողմից` դպրոցական խուլիգաններից խուսափելու համար։ Յոթից յուրաքանչյուրն ունի իր անձնական ցավը, իր խնդիրներն ընտանիքում, իր վախերն ու մղձավանջները, սակայն յոթն էլ լի են լավ ապագայի հույսով։ Մինչև չեն հանդիպում Օնոյին։
Սկզբում Օնոն հանդես է գալիս հարբած ֆերմերի տեսքով, որ իր «Բելառուս» տրակտորով հետապնդում է երեխաներին։ Ապա Օնոյի ձևերն անդադար փոխվում են. կատաղությամբ վարակված հսկա շուն, խորովածի շշերը ձեռքին հարսանիքի թամադա, վաղուց մահացած տատիկի ուրվական... գնալով Օնոն ընտրում է երեխաներին ահաբեկելու ու նրանց վախերով սնվելու նոր միջոցներ։ Սակայն ընկերությունը ու միասնությունը թույլ են տալիս դեռահասներին հաղթել այս հնագույն չարիքին, որը պետք է կրկին վերադառնա 40 տարի հետո։ Յոթյակը երդվում է, որ Օնոյի վերադարձի դեպքում, որտեղ էլ որ լինեն, կրկին կհավաքվեն Արտաշատում ու կրկին դիմադրություն ցույց կտան։ Գրքի երկրորդ մասում, արդեն 50-ն անց, նրանք կրկին հավաքվում են` չարիքը վերջնական ոչնչացնելու համար։
«Օնոն» Թագավորյանցի ամենաանկեղծ ու հարուստ վեպն է։ Հեղինակը չի խուսափում ճշմարտության մասին շիտակ խոսելուց, դեռահասների խնդիրների մասին միաժամանակ պարզ, սակայն առանց որևիցե բան թաքցնելու բարձրաձայնելուց։ Հենց այս անկեղծության, ինչպես նաև ծավալուն կերպարների ու խիստ ազդեցիկ հորրորի շնորհիվ շատ գրականագետներ համարում են «Օնոն» Թագավորյանցի լավագույն վեպը։
***
Ի՞նչ կարդալ. Սթիվեն Քինգի «Այն» (It, 1986) վեպը։ Ի՞նչ դիտել. 1990թ-ի հեռուստաֆիլմը, 2017թ-ի էկրանավորումը ու դրա 2019թ-ի սիքվելը:
4. «Մանուշակ»
Իր հայտնիության բուռն շրջանում Թագավորյանցը երկրպագուների անդադար ուշադրության կենտրոնում էր։ Տարբեր գրական երեկոներին, լիներ դա Երևանում, թե Մոսկվայում, հավաքվում էին հազարավոր մարդիկ։ Թագավորյանցի բնակարանի շուրջ տարատեսակ հետաքրքրասերներ էին, ու եթե հռչակավոր գրողը հանկարծ փորձեր զբոսնել սիրելի քաղաքում, ապա նրան շրջապատելու էին` թույլ չտալով անգամ շնչել։ Բանը հասել էր նրան, որ գրողը տունը լքում էր միայն ոստիկանության հսկողությամբ, իսկ երբ գրքերից մեկի սյուժետային շրջադարձից դժգոհ երկրպագուն քարերով կոտրեց հեղինակի տան ապակին, ոստիկանությունը հերթապահում էր նաև Թագավորյանցի տան մոտ։ Այս իրադարձությունները, հիվանդագին, իրականությունից կտրված երկրպագության թեման ամբողջացան «Մանուշակ» վեպում։
Գլխավոր հերոսը հայտնի գրող Պավել Շեկոյանն է։ Երաժշտության ուսուցչուհի Մանուշակ Ապրեսովնայի սիրային արկածների մասին նրա գրքաշարը վաճառվել է միլիոնավոր օրինակներով, իսկ հեղինակը դրա շնորհիվ անընդհատ երևում է հեռուստատեսությամբ` ճանաչելի դառնալով բոլորի համար։ Վերջին` 23-րդ գրքում իր հերոսից խիստ հոգնած Շեկոյանը վերջապես սպանում է Մանուշակին, իսկ գրքի լույս տեսնելուն հաջորդող մամուլի ասուլիսին հայտարարում, որ Մանուշակի մասին սագան ավարտված է, իսկ ինքը, երկարատև ընդմիջումից հետո, կվերադառնա ավելի հասուն ու բարձր գրականությամբ։ Սակայն Դիլիջանի ոլորաններում ավտովթարից հետո գրողը ուշքի է գալիս միայնակ մի կնոջ` Անոյի տանը։ Պարզվում է, Անոն Մանուշակի մասին գրքերի կատաղի երկրպագու է, ով գրողին կտտանքների ենթարկելու միջոցով փորձում է ստիպել վերջինիս կենդանացնել հերոսուհուն ու գրել նրա մասին պատմության նոր մասը։
Ակնհայտ է, որ Պավել Շեկոյանը նույն ինքը` Ստեփան Թագավորյանցն է։ Գրքում գլխավոր անտագոնիստի` Անոյի երկրպագությունը հասցված է մինչև աբսուրդի, բայց հենց այդպես է հեղինակը փորձում բացականչել անդադար երկրպագուների ուշադրության կենտրոնում լինելը անազատության ու կտտանքների հետ ասոցացնելու մասին։ Ոչ մի լավ բան չկա շատ պոպուլյար լինելու մեջ, չնայած արևմտյան կապիտալիստական պրոպագանդային։ Թագավորյանցը ստեղծագործող է, ով արարում է ոչ թե երկրպագուների բանակով շրջապատված լինելու, այլ իր ասելիքն ասելու համար, որովհետև այլ կերպ չի կարող։ Ու «Մանուշակը» զսպվածության, սովետական մարդուն ոչ հարիր վարքագիծ չդրսևորելու կոչ է։ Որին, ցավոք, գրքի դուրս գալուց հետո ոչ ոք չհետևեց։
*** Ի՞նչ կարդալ. Սթիվեն Քինգի «Միզերի» (Misery, 1987) վեպը։ Ի՞նչ դիտել. 1990թ-ի էկրանավորումը։
5. «Մութ Արտաշատը»
«Սևազգեստ մարդը հեռացավ չոլեր, ու նետաձիգը սկսեց հետապնդել նրան»։ Այսպես է սկսվում սովետահայ գրականության, ու, ինչո՞ւ ոչ, ժամանակակից սովետական գրականության մեծագույն գրքաշարերից մեկը, եթե ոչ մեծագույնը։ «Մութ Արտաշատը» շարքը Թագավորյանցը սկսել էր դեռ մինչև «Կարինեն», սակայն առաջին գիրքը` «Նետաձիգը», երկար ժամանակ փոշի էր հավաքում ապագա գրողի գրապահարանում։ Հետագայում, անսպասելի ու բուռն հաջողության հետ Թագավորյանցը վերադարձավ իր magnum opus-ին, իր գլխավոր գրական ժառանգությանը, շարքին, որը միավորում է գրողի մնացած բոլոր վեպերն ու պատմվածքները մեկ միասնական Տիեզերքի սահմաններում։
Արդյունքում, մինչև 21-րդ դարի առաջին տասնամյակի ավարտը, Թագավորյանցը շարքը հագեցրեց ութ անկրկնելի ու ծավալուն վեպերով. «Նետաձիգը», «Զառը` Դու Յեկ», «Թուրքի չոլերը», «Գյոռնափշտիկն ու խրուստալը», «Սկվազնյակ», «Աշտարակի գելերը», «Սուսանի երգը» ու «Մութ Արտաշատը»։
Վեպերի կենտրոնում 90-ականների Արտաշատն է. մութ ու ցուրտ տարիներ, հովհարային անջատումներ, պատերազմ։ Ու միայն մի մարդ` Հռոդոսը գիտի, որ իրականում Արտաշատը սովորական քաղաք չի, այլ բոլոր տիեզերքները միավորող առանցք ու միաժամանակ միակ պորտալարը, որտեղից կարելի է թափանցել այլ Տիեզերքներ։ Հռոդոսը կամ նետաձիգը Հայկ Նահապետի զինակիրն է. տիեզերքներից մեկում ոսոխ Բելը կամ Սևազգեստ մարդը սպանում է Հայկին։ Ու Հռոդոսը, վրեժի ծարավից կուրացած, վերցնում է իր ընկերոջ ու տիրակալի նետն ու հետապնդում թշնամուն բոլոր տիեզերքներով։
«Մութ Արտաշատը» շարքի մասին ամբողջ գրքեր են գրվել` վերլուծելով շարքի դիցաբանական, պատմական, միստիկ ու գրականագիտական արժանիքները։ Անիմաստ է նորից այդքանը կրկնելը։ Սա Թագավորյանց-պոստմոդեռնիստի մտքի թռիչքի ամենաբարձր կետերից է, ու, միաժամանակ, այն աշտարակը, որի գագաթից կարելի է ամբողջությամբ ու լիարժեք տեսնել և գնահատել գրական հսկայի ստեղծած ահռելի ու բարդ աշխարհը։
*** Ի՞նչ կարդալ. Սթիվեն Քինգի «Մութ աշտարակը» (The Dark Tower, 1982-2012) գրքաշարը։
Կարդացեք նաև մեր մյուս խելահեղ նյութերն ալտերնատիվ աշխարհներից.
«Ինտերստելարի» հայկականն ու ոչ միայն. Պատկերացնում ենք ալտերնատիվ Հայաստանի բլոկբաստերները»
«Բացատրելով անբացատրելին. AI-ը փորձում է ռացիոնալ լեզվով նկարագրել ֆիլմերի աբսուրդ աշխարհը»
«Մութ ու ցուրտ տարիներին. 90-ականների հորինված դեռահասները պատմում են սիրելի ֆիլմերի մասին» (Մաս 1, Մաս 2)
«Ալտերնատիվ պատմություն. Եթե հայկական ֆիլմերը խաղային ադապտացիաներ ունենային»
«Իսկ ի՞նչ, եթե... Պատկերացնում ենք ալտերնատիվ հայալեզու կինոմամուլը»
«Ղուկասավանցի Չղջոն, Կապիտան Արմենն ու Անհավատալի Հայկը. AI-ը հորինում է հայտնի ֆիլմերի հայկական տարբերակները»
«Ի՞նչ եթե... լեգենդար հայ ռեժիսորները նկարեին հոլիվուդյան հայտնի ֆիլմերը»
«Մի անգամ Մեծ Հայքում. ինչպիսի՞ն կլիներ կինոն հայերի դարավոր անցյալում»։